Home

Advertisement

Սկսվեց...

  • May. 15th, 2007 at 3:31 PM
Այսպիսով ընտրություն կոչվող «տոնավաճառը» ավարտվեց, սկսվեց շահույթների գանձման ու «վերևներին» ( միջազգային կորպորացիաներ ) հախեր տալու ժամանակը :
Շուտով կթանկանա ջուրը...

Այսպիսով Համակարգը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայքում, և հիմա կարող է ավելի մեծ արագությամբ քամել հայ ազգի կենսական էներգիան:
Ի դեպ մեր զլմները ու  ամբողջ քաղաքական դաշտը մեզ անընդհատ խաբում են, թե հիմնական պարազիտները դրանք օլիգարխներն են: Իրականում հիմնական պարազիտները, որոնք ահավոր մեծ չափերով են հյուծում ժողովրդին, դրանք բնավ էլ օլիգարխները չեն:
Դրանք բնական մենաշնորհներն են, բանկային համակարգը և իհարկե պետական համակարգը իր զարհուրելի հարկային մեխանիզմով:   Իսկ օլիգարխներ կոչված բոբոն, ընդամենը ժողովրդին շեղելու ձև է:

Իմ ընտրությունը

  • May. 13th, 2007 at 4:28 PM
Երեկ ինձ մի քանի հոգի համոզում էին գնալ ընտրությունների: Նույնիսկ ավտոմեքենա էին բերել տան դեմը կանգնեցրել, որով կարող էի արագ գնալ տեղամաս, բայց ի վերջո չգնացի:
Այսօր առավոտյան տեսնելով ընտրության արդյունքները ևս մի անգամ համոզվեցի որ ճիշտ արեցի, որ չմասնակցեցի այդ անիմաստությանը:

Դեմոկրատիան այն տեսքով, որ մենք պատկերացնում էինք անկախությունից հետո, Հայաստանում սկսեց մեռնել 1995-ից սկսած և իր վերջակետին հասավ 2005-ի ռեֆերենդումի ժամանակ:  Եվ այդ դեմոկրատիայի մահվան պատճառը շատ պարզ էր: Նա չունեցավ բավականաչափ կրողներ Հայքում: ՀՀՇ-ականները առաջինը դավաճանեցին Դեմոկրատական սկզբունքներին ու առաջինը բռնաբարեցին դեմոկրատիան Հայաստանում:  Իսկ սովորական ժողովրդի համար այն այդպես էլ խորթ մնաց, քանի որ դեմոկրատիա բառը նույնացավ ալան-թալանի, արվամոլության, աղանդավորության, թուրքասիրության, սանձարձակության, նյութապաշտության և այլ մերժվող երևույթների հետ:  

Իսկ հիմա ժողովրդին դեմոկրատիան այլևս չի հետաքրքրում: Մի 10000 դրամը ավելի կարևոոր է, քան ամբողջ դեմոկրատական փիլոսոփայությունը ոտից գլուխ վերցրած:  Չգիտեմ ......... միգուցե սա այնքան էլ մեծ տրագեդիա չի, որքան կփորձեն մեզ այն ներկայացնել: Բայց մի բան հաստատ գիտեմ:  

Ազգի մասին իսկապես մտածողները պետք է փնտրեն ազգի շահերի պաշտպանության ու վերնախավի վրա ազդելու այլ լծակներ: Սա շատ ավելի հրատապ խնդիր է, քանի որ մենք դեռ ունենք բազում չլուծված համազգային խնդիրներ, իսկ հայը շարունակում ձուլվել հենց Հայաստանում:

Ընտրությունները այլևս լծակ չեն, դրանք ընդամենը մի մեծ բացօթյա յառմառկա են

Շարունակում եմ ներկա ներքաղաքականի իրավիճակի վերլուծությունը:

Նախորդ գրառումում գրել էի, որ Հայաստանում շարունակում է ակտիվ մնալ համընդհանուր դժգոհությունը: Այդ դժգոհության խորքային պատճառները ունեն և՜ սոցիալական բնույթ, և՜ փիլիսոփայական, ինքնագիտակցական: Այսօր Հայաստանում ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ երբ կա հստակ դժգոհության էներգիա, որի միջոցով կարելի է մեծ փոփոխություններ անել, բայց չկա այն գաղափարը, որը կկարողանա միավորել ու ուղղորդել այդ պոտենցիալը: Ավելի ճիշտ նույնիսկ գաղափարներն էլ համարյա թե կա,  բայց դրանց կրողների քանակը դեռ այնքան մեծ չի, որ հնարավոր լինի սկսել բեկում մտցնել իրավիճակի մեջ:

Սկսենք նրանից թե ի՞նչ է ուզում հայը: Հայը անփոփոխ է իր ցանկությունների մեջ: Հայը միշտ ուզեցել ու ուզում է նույն բանը, բայց համարյա թե միշտ չի կարողացել այն լիարժեք ստանալ, և համարյա թե միշտ ընկել է բարդ իրավիճակների մեջ իր ցանկության համար: Հայը ուզում է ազատություն: Ազատություն ոչ թե սանձարձակության ու իր եսակենտրոն ցանկությունները իրականացնելու համար, այլ ընդամենը իր ներքին արարիչ մղումները ինքնադրսևորելու համար:

Եղել են կայսրություններ, որ այս փաստը հասկացել են ու օգտագործել են հայի արարչական էությունը ի նպաստ իրենց կայսրության: Եղել են կայսրություններ, որոնք գնալով դեպի անկում, անասնական վախ են զգացել հայերի հանդեպ, հատկապես հայերի ազատատենչության հանդեպ, կարծելով թե հայի ազատատենչությունն է իրենց կայսրության կործանողը, այնինչ հայի ազատատենչությունը երբեք ուղղված չէ ինչ որ բանի դեմ, այն ունի միշտ արարիչ բնույթ և գլոբալ հաշվով վնաս չի պատճառում :

Ով հասկացել է այդ բանը շահել է, ով չի հասկացել միշտ տուժվել է, ցավոք ձեռքի հետ էլ վնասելով հայերին: Հայերի մյուս կայուն գծերից է արդարության սուր զգացումը, և բիրտ ուժի մերժումը: Հայը չի ընդունում բիրտ ուժով իրեն պարտադրած որոշում, բայց հաճախ էլ հայը չի ուզում բիրտ ուժին պատասխանել բռնությամբ ու խուսափում է բիրտ ուժին բախվելուց, բռնելով գաղթի ճանապարհը, կամ էլ ավելի վատ բարոյալքվել ու տրվել է բիրտ ուժին առանց դիմադրելու:

Սա է պատճառը, որ հայերի պատմությունը կարելի է բնորոշել, որպես 4000-ամյա ազգային-ազատագրական պայքար: Սկսած Հայկից մինչև մեր օրերը: Սա է պատճառը, որ հայերի համարյա թե բոլոր պատերազմները ծնվել են անարդարության ուժեղ զգացումից, և սա է պատճառը, որ հայը հաճախ հոգնել է բռնությունների դեմ պայքարներից ու ընկել է մի տեսակ հիպնոսի տակ ու չի դիմադրել / հատկապես երբ նրա դեմ գործի են դրվել քարոզչական հնարամիտ մեթոդներ բռնության հետ զուգահեռ /: Բայց բռնությանը չդիմադրելուն զուգահեռ պետք է նշել մի փաստ, որ ի վերջո հայ մտքի վրա հնարավոր չէ ազդել բռնությամբ, վկա այն իրողությունը որ չնայած թուրք իշխանավորների աներևակայելի բռնություններին հայը դեռ շարունակում է իր պայքարը թուրքական բռնատիրության դեմ, և մոտ ապագայում չի ենթարկվի նրան, չնայած այն բանին որ որոշ մարգինալ տարրեր փորձում են նրան հաշտեցնել այդ բռնատիրության հետ:

Իհարկե կարելի էր վերլուծությունը ավելի մանրակրկիտ դարձնել բայց դրա կարիքը իմ կարծիքով չկա, հիմնական ուրվագիծը սա է: Եվ սրա հիման վրա տեսնենք թե ինչ տեսակի քաղաքական ուժ կարող է իրապես իրականացնել հայության հավերժական իղձերը: Եվ կա արդյո՞ք այսօրվա Հայքում նման քաղաքական ուժ, որ ի վիճակի լինի գնալ նման ուղով:

Երեկ ներկա էի Իմպիչմենտի կազմակերպած հանրահավաքին, որին նաև միացել էր Արամ Սարգսյանի «Հանրապետություն» ու Արամ Կարապետյանի «Նոր Ժամանակներ» կուսակցությունները:

Բավականին շատ մարդ կար հանրահավաքին: Ակնհայտ է, որ դժգոհությունը հասարակության մեջ կա ու ընդամենը պատրվակ է փնտրում որպեսզի սկսի նորից ինքնաարտահայտվել: Եվ ինչպիսի քաղաքական ուժ էլ, որ այսօր հանդես գար կոշտ ընդդիմադիր դիրքերից ապա կհավաքեր այդքան մարդ:  Այսօր այդ վճռականությունը ունեն այս երեք ուժերը ու դրա համար էլ նրանց հետևից մարդիկ գնում են: Ի դեպ իմ դիտարկումներով մարդկանց լավ ոգևորեց Արամ Կարապետյանի ու Արամ Սարգսյանի ելույթները:

Նաև իմ համար ակնայտ է, որ Իմպիչմենտը այն տեսքով որ հիմա կա չի կարող հասնել մեծ արդյունքների, որովհետև նա միայն ընդդեմ է, և խուսափում է ռեալ հարցերին անդրադառնալուց:  Հիմնական դրույթն է, տապալենք համակարգը հետո նոր մի բան կանենք: Այդ հիմնադրույթից ելնելով էլ, այն կրում է շատ անձնավորված տեսք, այսինքն ուղղված է ավելի շատ անձերի դեմ քան կոկրետ համակարգի էության փոփոխման դեմ: Որն էլ ակնհայտ երևում է իրենց լոգոյում:

Բայց պետք է համենայնդեպս նշեմ մի դրական հատկանիշ, որը էականորեն տարբերում է Իմպիչմենտին մնացած ընդդիմադիրներից: Դա այն է, որ նրանք իրենց ելույթներում մարդկանց չէին բռնաբարում այնպիսի տերմիներով ինչպիսին էին «եվրոինտեգրացիա», «միջազգային դիտորդներ», «դեսպանների կարծիք», «կոռռուպցիայի դեմ պայքար» : Իմպիչմենտականները ավելի շատ շեշտը դնում էին ներքին ուժերի վրա, սեփական ինքնակազմակերպման անհրաժեշտության վրա: Սա դրական բան է: Նիկոլի այն գաղափարը, որ ամեն մարդն էլ որոշող է շատ դրական է ու գովերգելի: Նաև մի քանի ելույթներում հնչեցվեց այն մասին, որ 5000 տարվա ազգին կոտրել հնարավոր չի, եղան ազգային-ազատագրական շարժում սկսելու կոչեր,  ինչը նույնպես հետաքրքիր էր լսել այնպիսի ուժերի կողմից որոնց որոշ զլմներ փորձում են ներկայացնել որպես ապազգային: 

/շարունակելի/

Apr. 18th, 2007

  • 8:59 PM

Երեկ Ազատության հրապարակում Դաշնակցությունն իր նախընտրական քարոզչության շրջանակներում կազմակերպել էր Արտո Թունջբոյաջյանի համերգը: Արտոն լավ շախ արեց: Բայց քանի որ հիմա նախընտրական շրջան է, եւ համերգի կազմակերպիչն էլ ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ն է, ուստի այս միջոցառումն առաջին հերթին քաղաքական է: Իսկ Արտոյի մասնակցությունն այս համերգին ուշագրավ է առնվազն նրանով, որ նա նույն ընտրություններում մասնակցող Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» կողքին էր, երբ այդ կուսակցությունը հայտարարեց նախընտրական քարոզարշավի սկիզբը: «Ես երաժիշտ եմ: Ով ինձ պետք ունի, հայության համար ինչ կարամ, էդի անում եմ»,- մեր թղթակցի այս նկատառմանը ի պատասխան համերգից հետո ասել է Թունջբոյաջյանը: «Րաֆֆին իմ լավ ընգերս է, էդի ուրիշ մի բան է, հասկացա՞ր: Բայց էդի չի նշանակում` էս ժողովուրդը բաժնում եմ, որովհետեւ էդի մեզ համար ամենեն վատ թույնն է. հային մինակ հայը կարա սպանե»,- ասել է նա, եւ որպեսզի բոլորը համոզվեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենից չի նեղացել, առաջարկել է հենց այդ պահին զանգահարել նրան: Իսկ կա՞ արդյոք մի կուսակցություն, որի քարոզարշավի շրջանակներում կազմակերպած համերգին մասնակցելուց Արտոն կհրաժարվի: «Ես իրավունք չունեմ ընտրելու: Բայց մի հատ լսեմ` մեր ազգի համար կամ մարդկության համար վատ իմաստ կա, չեմ էրթար»,- մեր թղթակցի հարցին այսպես է պատասխանել Արտոն եւ պարզաբանել. «Մյուսների չեմ ճանաչում, որ մի բան ասեմ իրենց մասին: Ես հիմա պոլիտիկ տենց խաղ չեմ ընում: Ըստեղ եկել եմ, բոլորիդ պես հայ եմ, բոլորս ալ մի ձեւով դաշնակ ենք...»: Երեկվա համերգը նշանավորվեց մի շատ էական եւ նուրբ հանգամանքով: Թունջբոյաջյանը իր ոճին համապատասխան մի երգ երգեց` նվիրված Միացյալ Նահանգներին եւ դրա նախագահ Ջորջ Բուշին անձամբ: Արտոյի երգերի բառերը, իհարկե, առաջին փորձից ոչ ոք չի կարող ամբողջությամբ վերարտադրել, բայց երգը նվիրված էր նրան, որ Ամերիկան որակյալ բոմբեր ունի, բայց օդը, ջուրը, ուտելիքը որակով չէ, իսկ Բուշը ապուշ է ու սատանա: Երբ Արտոն այս երգը կատարում է իր համերգում, ապա ոչ մի խնդիր չկա: Բայց երբ այդ երգը հնչում է Դաշնակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ապա սա խիստ քաղաքական խնդիր է դառնում, քանի որ ՀՅԴ-ն իշխանական կոալիցիայի անդամ է, այսինքն` ներկայացնում է ՀՀ իշխանությունը: Կիսո՞ւմ է արդյոք Դաշնակցությունը Արտոյի այն կարծիքը, թե Բուշը ապուշ է: «Նա արվեստագետ է, իր գործն է անում...»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, որը ազդարարել էր այդ համերգի սկիզբը: Նրա պատասխանից այդպես էլ չհստակեցվեց` ՀՅԴ-ն կիսո՞ւմ է Արտոյի կարծիքը, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Արտոյին, ապա նա համոզված հակաբուշական է, չնայած` «Հիմա եթե Ջորջ Բուշը ինձի հրավիրի, էս երգը կերթամ կերգեմ, որովհետեւ էդ երկիրը էդքան հնարավորություն տալիս է քեզի: Էդի կարեւոր է: Գիտե՞ս ինչի համար: Որովհետեւ ատելություն չես պահում մեջդ»,- ասել է նա: Իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք Արտոն կոմպլեմենտարություն պահպանելու նկատառումներով երգել Պուտինի մասին: «Չեմ ճանաչում... կգրեմ»,- առաջիկա ծրագրերը մոտավորապես բացահայտել է Արտոն: Շատ ուշագրավ կլինի Արտոյին տեսնել, ասենք, Հանրապետականի, «Բարգավաճի» կամ Դաշնակցության նախընտրական համերգներում Պուտինի մասին նույն ոճով ու բնորոշումներով երգեր երգելիս, եթե Ռուսաստանի ֆորպոստ «էս երկիրը էդքան հնարավորություն տա»:
Հայկական Ժամանակի խմբագրական 18.04.2007
------

Չգիտեմ ով է եղել ՀԺ-ի այս խմբագրականի հեղինակը, բայց մի բան կարող եմ ասել: Այսպիսի մտածողությունը սահմանափակության արդյունք է, կյանքին  նայել  կաղապարված ստերեոտիպների միջով, որտեղ չկա  ազատ հայ մարդ հասկացություն, այլ կա միայն դաշնակ կամ րաֆֆիական, պռոամերիկյան կամ պռոռուսական, ու էլի չգիտեմ ինչական ու ինչաբանական:
  Մենք ի վերջո հայ ենք: Էդ կուսակցական համակարգ, գաղափարախոսություններ ու մնացած բաժանող բաները իրականում 95 տոկոսով շինծու բաներ են: Մարդկանց իրականում ավելի շատ բաներ է միավորում քան բաժանում:
 Մարդկանց բաժանում են ԿԵՂԾ գաղափարները: Իրականում Ճշմարտությունը մի հատ է, ու ինչքան մի համայնք/ազգ մոտ է Ճշմարտությանը այնքան նա համախմբված է ու միասնական: Ինչքան այդ համայնքը շատ է վարակված կեղծիքներով / որոնց քանակը անսահմանափակ է /  այնքան նա շատ է բաժանված ու ծվեն ծվեն եղած:  

  

Միտինգ Անկարայում

  • Apr. 15th, 2007 at 11:51 PM
Արևմտյան մամուլը բավականին ակտիվ մեկնաբանում էր Անկարայի մեծ միտինգը:  Ընդ որում իմ տպավորությամբ, այն ներկայացվում էր որպես դրական երևույթ, որ այդքան մարդ պատրաստ են պաշտպանելու աշխարհիկ կարգերը:

Իրականում դա կռապաշտության վրա հիմնված ֆաշիստական հասարակության դասական դրսևորում է: Մի մահկանացու աթա թուրք անունով դարձել է աստծոն հավասար մի բան:  Նրա հիշողությունը վիրավորել է քրեական հանցանք է:  Անձի աստվածացում, ֆաշիստական գաղափարախոսություն, միլիտառիզմ, զինուժի լիակատար անվերահսկելիություն քաղաքական ուժերի կողմից: Էլ չեմ խոսում այլ մանր մունր բաների մասին:  

Այս տիպի հասարակությունը անհարիր է ընդանրապես 21-րդ դարի համար ու նույնիսկ պատմության ավելի վաղ շրջանների համար: 
Թուրքիան ԲԱՆՏ է որտեղ խեղդում են ոգու ազատության դրսևորումները հենց հիմքից:

Apr. 2nd, 2007

  • 11:32 AM
Այս տարվա հուլիսի 1-ից հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերը հաճախորդներին տրամադրում են գրավոր պայմանագրի հիման վրա: Այսօր միաձայն նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որոշման համաձայն, պայմանագիր կնքելիս բաժանորդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Մինչև այս տարվա հուլիսի 1-ը իրացված հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ գրավոր պայմանագրերը պետք է վերակնքվեն մինչև 2007թ. նոյեմբերի 1-ը:

Ինչպես նշեց հանձնաժողովի ներկայացուցիչ Գ. Գևորգյանը, որոշումը պայմանավորված է Հայաստանի հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:
 

Տեխնոտրոն տոտալիտարիզմի մասին ֆանտաստիկ գրքերում շատ ենք կարդացել, բայց որ այն կսկսենք արդեն մեր կյանքում տեսնել երևի քչերն էին պատկերացնում: Ամենահետաքրքիրը այն է որ դա կատարվում է ոչ թե Սովետական տիպի պետության կողմից, այլ ազատության ու մարդասիրության լոզունգների տակ:

Latest Month

October 2009
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Իմ բաժինը

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars